Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

«Տուգանում են մի բանի համար, որ չունենք»

«Տուգանում են մի բանի համար, որ չունենք»
28.02.2014 | 11:14

«Քույրիկ ջան, կրակն ենք ընկել, պապուս թվից վաճառել եմ մեքենաս, բայց մի քանի օր առաջ 35 հազար դրամ տուգանք ա էկել ԱՊՊԱ չունենալու համար»,- ամբողջ ճանապարհին գանգատվեց տաքսու վարորդը: Ինչո՞ւ, ի՞նչն է խնդիրը: Իմ այս հարցին ի պատասխան տաքսու վարորդն ասաց. «Շա՞տ իմանամ: Դա վերջը չի, եթե չվճարեմ` տույժեր են գալու»:
Այս պատահական զրույցն ինձ հետաքրքրեց, և փորձեցի հասկանալ` ո՞րն է խնդիրը: Պարզվեց` վերջին երկու ամսում սա միակ դեպքը չէ: Իսկապես, շատ քաղաքացիների, ավտոմեքենաների ապահովագրություն չունենալու համար, տուգանքներ են եկել, մարդիկ մնացել են շվարած: «Ինչո՞ւ վճարենք, եթե մեր սեփական ավտոմեքենաները վաճառել ենք` մեքենա չունենք»,- հարցնում էին զարմացած: Նրանց զարմանքը տեղին է, հատկապես, երբ ավտոմեքենան 20-30 տարի առաջ է վաճառվել: Հարց է նաև` արդյո՞ք այդ մեքենաները մի քանի անգամ չեն վերավաճառվել կամ էլ մետաղի ջարդոն չեն դարձել:
Մի խոսքով, խնդիրը կա, մնում է հասկանալ, թե ինչն է պատճառը: Այս տարվա հունվարից վերացվեց տրանսպորտային միջոցների դիմապակուն ԱՊՊԱ կտրոնը պարտադիր փակցնելու պահանջը, փոխարենը, համակարգի վերահսկողությունը մեծացնելու նպատակով, այդ գործընթացն իրականացվում է էլեկտրոնային տարբերակով։ Առաջին հայացքից այս փոփոխությունը պետք է թեթևացներ քաղաքացիների կյանքը, համենայն դեպս, ճանապարհային ոստիկանությունն այդպես էր ներկայացնում, նշելով, որ կձևավորվի տրանսպորտային միջոցների համակարգված տեղեկատվական բազա: Մինչ այդ ապահովագրական պայմանագրի գոյությունը ստուգվում էր տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցված կտրոնով, սակայն ճանապարհային ոստիկանությունն այս մոտեցումը որոշեց նորացնել, իրականացնելով այն էլեկտրոնային եղանակով: Եվ, անկախ նրանից` տվյալ ավտոմեքենան շահագործվում է, թե ոչ, համակարգն արձանագրում է դրա ապահովագրված լինել-չլինելը:
Նորարարությունը լավ բան է, բայց այն չպետք է բեռ դառնա քաղաքացիների համար: Հայաստանում քիչ չեն ավտոմեքենաները, որոնք դուրս են եկել շահագործումից, սակայն արի ու տես, որ դրանք շարունակում են մնալ ճանապարհային ոստիկանության տրանսպորտային միջոցների տվյալների բազայում: Այսինքն, նույն այն բազայում, որի տվյալների հիման վրա որոշվում է` տրանսպորտային միջոցը ապահովագրվա՞ծ է, թե՞ ոչ:
Կարծում ենք, որ խնդիրը հենց սա է: Ինչո՞ւ շահագործումից դուրս եկած կամ էլ վաճառված ավտոմեքենայի տվյալները փոխված չեն ճանապարհային ոստիկանության տվյալների բազայում:
Այն, որ ճանապարհային ոստիկանությունը, մինչև օրենքի փոփոխությունը, պետք է մաքրեր իր բազային տվյալները, ճշտեր տեղեկատվությունը, քաղաքացիներին անհանգստություն չպատճառելու համար, միանշանակ է: Բայց համաձայնեք, որ մեր քաղաքացիներն էլ իրենց մեղքի բաժինն ունեն: Եթե ավտոմեքենան մի քանի տարի առաջ վաճառվել է, և գործարքը վավերացրել է նոտարը, կամ էլ մեքենան չի շահագործվում` ջարդոն է, ինչո՞ւ ժամանակին ճանապարհային ոստիկանությանը չի իրազեկել: Համաձայնեք, եթե կողմերն իրենց պարտավորությունները պատշաճ կերպով կատարեին, այսօր անհեթեթ և նյարդեր սղոցող տուգանքի անդորրագրեր չէին լինի:
Այն, որ չապահովագրված ավտոմեքենաների սեփականատերերը, ապահովագրության պայմանագիր չունենալու դեպքում, պետք է տուգանվեն, օրենքի պահանջ է: Սակայն ինչո՞ւ տուգանվեն նրանք, այն էլ խոշոր գումարներով, ովքեր ավտոմեքենա չունեն: Իրոք անհեթեթ վիճակ է: Թերևս սրանով է պայմանավորված ոստիկանապետի հրահանգը ճանապարհային ոստիկանությանը` աջակցել քաղաքացիներին օտարված և համապատասխան ձևակերպում չստացած տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման հարցում` տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն: Ինչ խոսք, հուսադրող է, որ ոստիկանապետն այս խնդիրն իր հսկողության տակ է առել: Սակայն, կարծում ենք, անհրաժեշտ են ավելի կոնկրետ քայլեր։ Վատ չէր լինի, եթե կոնկրետ ժամկետ նշվեր, որ քաղաքացիներն իրենց ավտոմեքենաների մասին տեղեկատվություն ներկայացնեին, ինչի հիման վրա էլ կթարմացվեր ճանապարհային ոստիկանության տրանսպորտային միջոցների տեղեկատվական բազան: Սրանից հետո միայն կարելի է օրենքը գործի դնել իր ողջ խստությամբ:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ